Հունիսի 23-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի արևային էներգետիկայի ոլորտի աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկը՝ Intersolar Europe 2026-ը։ Միջոցառմանը Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտը կներկայացնի Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան (ԱԷՀԱ)։
Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող Intersolar Europe-ը համախմբում է արևային և վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններին, ասոցիացիաներին, ներդրողներին, տեխնոլոգիական կազմակերպություններին և քաղաքականություն մշակողներին աշխարհի տարբեր երկրներից՝ հանդիսանալով ոլորտի համագործակցության և փորձի փոխանակման կարևորագույն հարթակներից մեկը։
Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի համար այս մասնակցությունը կարևոր հնարավորություն է միջազգային գործընկերներին ներկայացնելու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի շուկայի ներկա վիճակը, զարգացման միտումները և ոլորտում առկա հնարավորությունները։
Միջոցառման շրջանակում ԱԷՀԱ-ի նախագահ Ջուլիետա Սիմոնյանը հանդես կգա որպես խոսնակ՝ ներկայացնելով Հայաստանի արևային էներգետիկայի շուկայի զարգացման ընթացքը, ոլորտի հիմնական ձեռքբերումները, մարտահրավերներն ու առաջիկա զարգացման հեռանկարները։
Ցուցահանդեսի ընթացքում Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան նախատեսում է մի շարք հանդիպումներ և բանակցություններ անցկացնել տարբեր երկրների ոլորտային ասոցիացիաների, կազմակերպությունների և գործընկերների հետ։ Սպասվում է համագործակցության նոր ուղղությունների ձևավորում, որոնք կնպաստեն միջազգային փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի ընդլայնմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի ինտեգրմանը միջազգային մասնագիտական ցանցերին։
Մեկ տարի առաջ որպես արևային էներգետիկայի ոլորտը համախմբող մասնագիտական կառույց ստեղծված ԱԷՀԱ-ն այսօր հայտարարում է զարգացման նոր փուլի մեկնարկի մասին՝ վերածվելով Հայաստանի էներգետիկ անցման հաբի։
ԱԷՀԱ-ի ռազմավարական նպատակը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ամբողջական արժեքային շղթայի ձևավորումն է՝ արտադրությունից մինչև կուտակում, ցանցային ինտեգրումից մինչև ֆինանսավորում, կարգավորումից մինչև կրթություն և շուկայի զարգացում։
Intersolar Europe 2026-ին մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է միջազգային համագործակցության խորացման, նոր գիտելիքների և լավագույն փորձի ներգրավման, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ներուժի միջազգային ներկայացման ուղղությամբ։
Leave a comment