Picsart-ը՝ արհեստական բանականությամբ աշխատող խմբագրման հարթակը, մեկնարկում է ստեղծագործողների համար դրամայնացման ծրագիր․ այս մասին ընկերությունը բացառիկ կերպով հայտնել է TechCrunch-ին: Ծրագիրը բաց է բոլորի համար՝ առանց հրավերների կամ լսարանի նվազագույն չափի պահանջների։
Գրանցվելուց հետո ստեղծագործողները մուտք են գործում ակտիվ հուշումներով և մարտահրավերներով վահանակ: Օրինակ, արշավը կարող է նրանց հանձնարարել ստեղծել գրավիչ և փափուկ արարածներ՝ օգտագործելով Picsart Aura-ն՝ արհեստական բանականությամբ օգնականը, որը ստեղծում և անիմացնում է պատկերներ կամ տեսանյութեր տեքստային կամ ձայնային հուշումների հիման վրա: Picsart-ը զգուշացնում է, որ արհեստական բանականությամբ ստեղծված ստեղծագործությունները՝ առանց իրական ստեղծագործական ջանքերի, չեն բերի մեծ ներգրավվածություն կամ եկամուտներ։
Այս քայլն ազդարարում է ընկերության համար զգալի տեղաշարժ՝ ստեղծագործական գործիքակազմից դառնալով հարթակ, որտեղ ստեղծագործողները կարող են իրական գումար վաստակել: Սա ռազմավարական քայլ է, որը կարող է օգնել Picsart-ին ինչպես գրավել նոր տաղանդների, այնպես էլ պահպանել առկա օգտատերերի ներգրավվածությունն էկոհամակարգում։
Հայտ ներկայացնելու համար հեղինակներն արագ լրացվող ձևի միջոցով պետք է կապեն իրենց սոցիալական էջի ուղիղ URL-ը, նշեն այն ըստ արշավի կանոնների և նկարագրեն Picsart-ում ստեղծագործական գործընթացը: Բովանդակությունը հրապարակվում է անմիջապես Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում կամ X-ում: Եկամուտը ստացվում է դիտումներից, մեկնաբանություններից, տարածումներից և հասանելիությունից․ այս տվյալներին հնարավոր է հետևել կառավարման վահանակ, իսկ գեներացված եկամուտը հնարավոր է ստանալ Stripe-ի միջոցով։
Picsart-ը հայկական ծագմամբ ֆոտո և դիզայներական խմբագրման հարթակ է, որը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերին ձեռնարկատեր Հովհաննես Ավոյանի կողմից՝ ինժեներներ Արտավազդ Մեհրաբյանի և Միքայել Վարդանյանի հետ միասին: Այն, ինչ սկսվել է որպես լուսանկարների բջջային խմբագրիչ, հետագայում վերածվել է արհեստական բանականությամբ աշխատող համապարփակ ստեղծագործական հարթակի: 2024 թվականի դրությամբ Picsart-ը սպասարկում է ամսական մոտ 150 միլիոն ակտիվ օգտատերերի, և դրա հավելվածները ներբեռնվել են ավելի քան մեկ միլիարդ անգամ ամբողջ աշխարհում:
Այն հասել է միաեղջյուրի (unicorn) կարգավիճակի 2021 թվականին՝ գերազանցելով 1.5 միլիարդ դոլարի գնահատականը և արագ ընդլայնվել է՝ տարեկան մշակելով միլիարդավոր խմբագրումներ՝ արհեստական բանականությամբ պատկերների ստեղծման և համագործակցային գործիքների շնորհիվ:
Հեղինակների համար դրամայնացման ծրագիրը հաջորդում է Picsart-ի վերջերս հայտարարված արհեստական բանականության գործակալների շուկայի նորամուծությՆը, որը թույլ է տալիս ստեղծողներին «վարձել» արհեստական բանականությամբ օգնականներ՝ որոշակի առաջադրանքներ կատարելու համար՝ սկսած սոցիալական բովանդակության չափափոխումից և վերամշակումից մինչև ապրանքի լուսանկարների խմբագրում անմիջապես Shopify-ում։
Միացեք Picsart-ի ստեղծողների դրամայնացման ծրագրին այստեղ։