Home Սոցիալական Հայաստանում կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը
Սոցիալական

Հայաստանում կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը

URL copied
Share URL copied

Հայաստանում հոկտեմբերի 15-ից հունվարի 17-ը կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։ Այն կմեկնարկի հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որտեղ կներկայացվի «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։

Այս բազմազան գեղարվեստական մոտեցումների միջոցով ցուցադրությունը քննում է, թե ինչպես է ձևավորվում մեր աշխարհընկալումը՝ տեսանելի և սովորական զգայական ընկալման սահմաններից դուրս գործող ուժերի ու գործընթացների ազդեցությամբ։ Արևի լույսը, մագնիսական դաշտերը, երկրաբանական նյութը, կենսաբանական ձևերը, տիեզերական ճառագայթումը և էլեկտրամագնիսական ազդանշանները այստեղ դառնում են մեր ընկալման ուսումնասիրության յուրօրինակ միջոցներ՝ բացահայտելով, թե ինչպես է այն ձևավորվում տեխնոլոգիայի և մեզ շրջապատող նյութական աշխարհի փոխազդեցության տիրույթում։

Աննա Ֆրանցի (ԱՄՆ) աշխատանքում արդյունաբերական ռոբոտ-ձեռքը հայտնվում է ձկների կենդանի և անկանխատեսելի աշխարհում։ Այստեղ ճշգրտությունը բախվում է բնազդին, ծրագրավորված շարժումը՝ կենսաբանական ռիթմին, իսկ տեխնոլոգիական վերահսկողությունն իր տեղը զիջում է կյանքի մեկ այլ ձևի հետ անորոշ ու անկանխատեսելի հանդիպմանը։ Մեքենան այլևս կյանքից վեր կանգնած գործիք չէ, այլ դրա ներսում գործող մասնակից՝ արձագանքող, խոցելի և այնպիսի հարաբերությունների մեջ ներքաշված, որոնք լիովին վերահսկել չի կարող։ Տիրապետումից դեպի կախվածություն անցման նմանատիպ ընթացք է ներկայացվում նաև Ելենա Գուբանովայի և Իվան Գովորկովի (ՌԴ) «Հաղթանակ արևի նկատմամբ» (Victory over the Sun) աշխատանքում, որը վերաիմաստավորում է տեխնոլոգիական առաջընթացի միջոցով բնությունը նվաճելու ֆուտուրիստական երազանքը։ Այստեղ այդ տրամաբանությունը միտումնավոր շրջվում է․ արևային վահանակները հետևում են արևի շարժին, կուտակում նրա էներգիան և այդպիսով շարժման մեջ դնում կինետիկ տարրերը։ Ստեղծագործությունը կարող է գործել միայն այն ուժի շնորհիվ, որին խորհրդանշականորեն փորձում է հաղթել՝ տեխնոլոգիական «հաղթանակը» վերածելով կախվածության, խոցելիության և մարդկային ինքնիշխանության սահմանների շուրջ մտորումների։

Ցուցադրության ընթացքում անտեսանելի կամ հազիվ նկատելի ուժերը ստանում են նյութական, տեսողական և ձայնային մարմնավորում։ Էռնաուտ Յակոբսի (Բելգիա) «Ամենուրեքության մրմունջը» (Humming the Ubique) աշխատանքը էլեկտրամագնիսական և տիեզերական ազդանշանները վերածում է լույսի ու սինթետիկ ձայնի, մինչդեռ Դիեգո Լիեդոյի (Մեքսիկա) «Հելիոֆոններ – Կամերտոններ» (Heliophones – Diapasones) նախագիծը հնարավորություն է տալիս արևի լույսին անշրջելի հետքեր թողնել երաժշտական գործիքների նյութական կառուցվածքի վրա։ Մարսելա Արմասի (Մեքսիկա) «Ցինամեկուտա» (Tsinamekuta) աշխատանքում միահյուսվում են հանքային մագնիսականությունը, ծիսական գիտելիքն ու փորձարարական տեխնոլոգիան։

Դմիտրի Շիշովի (ՌԴ) «Դրսևորում» (Manifestation) ստեղծագործությունը Գեյգերի հաշվիչի միջոցով գրանցում է մարդկային զգայարաններին անհասանելի բարձր էներգիայի տիեզերական մասնիկները՝ յուրաքանչյուր կտցոց դարձնելով Տիեզերքի անդադար շարժման հետք։ Լիզա Բատակիի (Իտալիա) «Ավազամրրիկներ աշխարհի կենտրոնում» (Sand Storms in Medio Mundi) աշխատանքում ավազամրրիկը միաժամանակ բնական երևույթ է և յուրօրինակ ոսպնյակ, որի միջոցով դիտարկվում են մարդկային խոցելիությունը, միգրացիան, բնապահպանական ճգնաժամն ու վերածնունդը։ Ժուան Հանի (Ֆրանսիա) «Եդեմի լաբորատորիա (Փուլ VII)» The Lab of Eden (Phase VII) աշխատանքը վերամշակված նյութերի միջոցով վերաստեղծում է օրգանական ձևեր, իսկ Անն-Սարա Լը Մյուրի (Ֆրանսիա) «Շեղ հայացք» (A Sidelong Glance) ստեղծագործությունը երկխոսության մեջ է դնում գեղանկարչական երկրաչափական ու քնարական ակնարկները (Մալևիչից սկսած) թվային լույսի, շարժման և տեսողության ժամանակային փորձառության հետ։

Natura Naturans ցուցահանդեսը սերտ երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության և տարածական ռիթմի հետ։ Ներքին և արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը և շրջակա քաղաքային միջավայրը անմիջականորեն առնչվում են ցուցահանդեսի՝ լույսի, ընկալման, նյութական գործընթացների և տեխնոլոգիական համակարգերի հանդեպ հետաքրքրությանը։ Այս համատեքստում Կասկադը պարզապես ցուցադրության վայր չէ. այն Natura Naturans ցուցահանդեսի ընկալման և իմաստավորման անբաժանելի մասն է։

Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկեր։ Բացման երեկոյան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարբեր հատվածներում կներկայացվեն մի շարք պերֆորմանսներ՝ այդ թվում Յանիկա Պերնայի (ԱՄՆ), φø-ի (Հունաստան), Անդրեյ Սմիրնովի և Դաֆին Անտոնիադուի (Հունաստան) աշխատանքները, ինչպես նաև Ալեքսանդրա Դեմենտևայի (Բելգիա) և Էնդի Բարտի (Իսպանիա) պերֆորմանսները՝ «Engineering City»-ի հետ համագործակցությամբ ստեղծված Unitree G1 EDU մարդանման ռոբոտի մասնակցությամբ։

Մարինա Ալեքսեևան (ՌԴ) կներկայացնի բացօթյա վիդեոմեփինգի «Նայելով քեզ» (Looking at You) աշխատանքը, որը շարժվող պատկերի միջոցով ակտիվացնում է Կասկադի ճակատը՝ այն ուղղակիորեն կապելով նրա մոնումենտալ ճարտարապետության հետ։ Փառատոնի կրթական ծրագրի շրջանակում թվային մշակույթի և նոր մեդիայի ուսումնասիրության ոլորտի միջազգային ազդեցիկ հեղինակություններից մեկը՝ Լև Մանովիչը (KR), հանդես կգա «Հաճելի, հնազանդ, անսահման. արհեստական բանականությունը որպես տեսողական արվեստի միջոց» (Pleasing, Compliant, Infinite: AI as a Visual Artistic Medium) դասախոսությամբ։

Միջազգային ճանաչում ունեցող համադրող և վիդեոարվեստի ու մեդիաարվեստի ինստիտուցիոնալ պատմության առանցքային դեմքերից Բարբարա Լոնդոնը (ԱՄՆ) կներկայացնի «Ի՞նչն է գործում» (What Works?) համադրողական զրույցը, որին կհաջորդի «Ի՞նչ կա պատմության մեջ» (What’s in a Story?) տեսածրագիրը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես են արվեստագետները շարժվող պատկերի միջոցով կառուցում և փոխանցում իրենց պատումները։ Բացման օրերին կներկայացվեն նաև Ֆրանչեսկո Կավալիերեի (Իտալիա) և Նիկոլա Ռատտիի (Իտալիա) ձայնային պերֆորմանսները՝ սկիզբ դնելով ձայնային արվեստի ավելի լայն ծրագրին, որը կշարունակվի ցուցահանդեսի ամբողջ ընթացքում՝ երեք ամիս շարունակ։ Ծրագրում միահյուսվում են կենդանի էլեկտրոնային երաժշտությունը, փորձարարական կոմպոզիցիան, պերֆորմանսը և տարածական լսողությունը, իսկ ձայնը դիտարկվում է որպես տարածությունը, նյութը և հաճախ տեսողական դաշտից դուրս մնացող գործընթացները զգալու յուրօրինակ միջոց։

«CYFEST 17» փառատոնն անցկացվում է «CYLAND» հիմնադրամի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր հովանավորն է «Frants» հիմնադրամը։ Նախագիծն իրականացվում է Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի, Ռուսական, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան արվեստի ուսումնասիրության կենտրոնի (CSAR), MOMus ժամանակակից արվեստի թանգարան – Կոստակի հավաքածուի, «ARé Fest»-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ինժեներական քաղաքի և «Art in Country of Tokyo» (AICOT)-ի հետ համագործակցությամբ։

Share URL copied
Related Articles

Գումար, որն իրականում չկա. կրիպտո խաբեություններ

Դրամապանակում հայտնվում է «USDT»՝ ծանոթ անվանումով, ճիշտ տարբերանշանով և դոլարով անհրաժեշտ գումարով։...

COP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերությունները

Դիլիջանում անցկացված COP17 Week Dilijan միջոցառումների շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել երեխաների...

ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար

ՌեԱ փառատոնը՝  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի...

Ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների անվտանգության մասին, առաջինը, ինչ գալիս է մտքին, բլոկչեյնի...