Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում կներկայացվեն «Կայուն գյուղատնտեսություն և աշխատողների պաշտպանություն. թունաքիմիկատների (պեստիցիդների) արդյունավետ կառավարումը եւ խելամիտ կիրառությունը գյուղատնտեսությունում. Արհմիությունների դիրքորոշման փաստաթուղթ» թեմայով ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։
Ուսումնասիրության արդյունքների ներկայացումը տեղի է ունելու հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 15:00 COP17 Հայաստանի կանաչ գոտու հատվածում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք)։
Ուսումնասիրությունը իրականացրել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության եւ ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական խորհրդատվական հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնասիրության հիմնական նպատակն է աշխատողների իրավունքների և աշխատանքի անվտանգության ու առողջության պաշտպանության տեսանկյունից ուսումնասիրել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման հետ կապված մարտահրավերները և մշակել ապացույցների վրա հիմնված արհմիութենական դիրքորոշում։
Աշխատողների իրավունքների տեսանկյունից թունաքիմիկատների օգտագործման վերաբերյալ ապացույցների վրա հիմնված դիրքորոշման փաստաթղթի ստեղծման նպատակն է հզորացնել Հայաստանի արհմիությունների կարողությունները՝ ավելի արդյունավետորեն ներգրավվելու գյուղատնտեսական և բնապահպանական քաղաքականության գործընթացներում։
Ակնկալվում է, որ այս նախաձեռնության արդյունքում կբարձրանա Հայաստանում արհմիությունների դերը թունաքիմիկատներից առաջացող ընդհանուր ռիսկի նվազեցման գործում, որը մեծապես կնպաստի Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) 7-րդ նպատակին հասնելուն։ Սեսիայի ընթացքում կներկայացվեն դիրքորոշման փաստաթղթի ստեղծման նպատակով իրականացված մասնակցային հետազոտության շրջանակը, մեթոդաբանությունը, փաստահեն տվյալների հավաքագրման և վերլուծության տրամաբանությունը, ինչպես նաև հետազոտության արդյունքները։ Սեսիան կարևոր նշանակություն ունի Հայաստանում կայուն գյուղատնտեսության անցման և աշխատողների պաշտպանության գործում գրանցված առաջընթացը, ինչպես նաև գյուղատնտեսական և բնապահպանական քաղաքականության գործընթացներում արհմիությունների ներգրավման արդյունավետ մեխանիզմիների ներկայացման առումով։ Բացի այդ, հետազոտական արդյունքների ներկայացումը կարևոր խթան կհանդիսանա առհասարակ նմանատիպ համատեքստերում Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) 7-րդ նպատակին հասնելու գործում արհմիությունների դերակատարության բարձրացման կարևորությունը և մեխանիզմները քննարկելու համար։
Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Գլխավոր լուսանկարը՝