Երևանում տեղի կունենա «Պարենի իրավունքը Հայաստանում․ ինչպիսի՞ն է ներկայիս վիճակը» խորագրով պանելային քննարկումը, որի ընթացքում պետական կառույցների, արհմիությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կանդրադառնան Հայաստանում պարենի իրավունքի ապահովման առկա խնդիրներին, իրավական կարգավորումներին և հնարավոր բարեփոխումներին։ Այն կանցկացվի նոյեմբերի 14-ին՝ ժամը 10։30-12։00-ը Ոսկերիչների փողոց 8 հասցեում։
Քննարկումը կազմակերպվում է ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի կողմից՝ Շվեդիայի Լունդի համալսարանին առընթեր գործող Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) «Մարդու իրավունքների հետազոտությունները Հայաստանում․ արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։
Նոյեմբերի 13-14-ը Երևանում անցկացվող միջազգային գիտաժողովը միավորում է ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, իրավաբանական և մասնագիտական համայնքների, ինչպես նաև քաղաքականություն մշակող կառույցների ներկայացուցիչներին։ Գիտաժողովի նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետազոտությունների զարգացմանը, մասնագիտական երկխոսության խորացմանը և գիտական արդյունքների հիման վրա գործնական լուծումների մշակմանը։
Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից հանդիսանում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն՝ ստանձնելով պարենի իրավունքը հարգելու, պաշտպանելու և ապահովելու միջազգային պարտավորություններ։ Այդուհանդերձ, բնակչության համար բավարար, անվտանգ և հասանելի պարենի ապահովումը շարունակում է մնալ երկրի սոցիալ-տնտեսական կարևոր մարտահրավերներից մեկը։
Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) 2024թ․ գնահատումների համաձայն՝ Հայաստանում տնային տնտեսությունների շուրջ 20 տոկոսը պարենային առումով անապահով է, իսկ ևս 54 տոկոսը գտնվում է պարենային ապահովվածության սահմանային մակարդակում՝ պահպանելով բարձր խոցելիություն տնտեսական և բնապահպանական ցնցումների նկատմամբ։
Այս ցուցանիշները վկայում են պարենի իրավունքի ապահովման ուղղությամբ համակարգային և երկարաժամկետ մոտեցումների անհրաժեշտության մասին։ Թեև Հայաստանում ձևավորվել են համապատասխան իրավական և քաղաքականության շրջանակներ, կարևոր խնդիր է շարունակում մնալ ընդունված պարտավորությունների և դրանց գործնական իրականացման միջև առկա բացերի հաղթահարումը։
Պանելային քննարկմանը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի մասնակցությունը։ Քննարկումը կվարի ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Էմիլ Գևորգյանը։
Քննարկման ընթացքում մասնակիցները կանդրադառնան պարենի իրավունքի պաշտպանության սահմանադրական և օրենսդրական հիմքերին, պետական կառույցների հաշվետվողականության մեխանիզմներին, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի և համայնքների պարենային ապահովվածության խնդիրներին։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի միջազգային չափանիշների, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ պարենի իրավունքի վերաբերյալ կամավոր ուղեցույցների կիրառման հնարավորություններին և դրանց համապատասխան ազգային քաղաքականության կատարելագործմանը։
Պանելային քննարկման առանցքային նպատակներից է նաև բացահայտել այն իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք կարող են նպաստել պարենի իրավունքի առավել արդյունավետ պաշտպանությանը՝ ապահովելով պետական կառույցների, գիտական համայնքի և քաղաքացիական հասարակության միջև շարունակական համագործակցություն։
Քննարկման արդյունքում նախատեսվում է մշակել քաղաքականության համառոտագիր (Policy Brief), որը կներառի պարենի իրավունքի պաշտպանությանն ուղղված թիրախային առաջարկություններ։ Մասնավորապես, կդիտարկվեն պարենի իրավունքի ամրագրման հնարավորությունները Հայաստանում ընթացող սահմանադրական քննարկումների, Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման և ազգային օրենսդրության կատարելագործման համատեքստում։
Միաժամանակ, քննարկումը կնպաստի մարդու տնտեսական և սոցիալական իրավունքների ոլորտում հետազոտական նոր ուղղությունների ձևավորմանը՝ ընդգրկելով սոցիալ-իրավական խոցելիության ուսումնասիրությունը, պարենային համակարգերի՝ մարդու իրավունքների վրա հիմնված վերափոխումը և միջդիսցիպլինար հետազոտությունների զարգացումը։
Ստացված արդյունքներն ու առաջարկությունները նախատեսվում է դիտարկել նաև Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի՝ 2027 թվականի մարդու իրավունքների հետազոտական օրակարգի ձևավորման համատեքստում։
Քննարկման կազմակերպիչները կարևորում են ոչ միայն իրավական և քաղաքական լուծումների մշակումը, այլև հանրային իրազեկվածության բարձրացումը, քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը և խոցելի համայնքների իրավունքների պաշտպանության գործնական հնարավորությունների ամրապնդումը։